ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Ուսանողների միջազգային օրը։ Տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նշել է, որ ուսանողությունը պատմականորեն հանդես է եկել իբրև հանրային փոփոխությունների, առաջընթացի ջատագով ու նախաձեռնող։ Նա հավաստիացրել է, որ մեր երկրում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կրթական միջավայր ապահովելուն։ Այդ նպատակով են նաև ոլորտում օրենսդրական բարեփոխումներ իրականացվում, մասնավորապես, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծ է ներկայացվել։
«Օրենքը նախատեսում է ուսանողների աջակցության նոր հնարավորություններ և մոտեցումներ՝ ամրապնդելով պետության քաղաքականությունը, որ ոչ մի լավ սովորող ուսանող պետք է դուրս չմնա համակարգից սոցիալական և ֆինանսական խնդիրների պատճառով»,- նշված է նախարարի ուղերձում։
Անդրեասյանը կոչ է արել ուսանողներին լինել պահանջատեր կրթության որակի նկատմամբ, չհանդուրժել միջակությունն ու ժամավաճառությունը։
Հավելենք, որ Հայաստանում որպես Ուսանողների և երիտասարդների օր նշվում է նաև մայիսի 16-ը։