ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Արցախահայության վերադարձի իրավունքի հարցի բարձրացումը կարևոր գործիք կարող է լինել բանակցային գործընթացում։ Ֆեյսբուքյան եթերում այս մասին ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Ներկայում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների սեղանին չկա որևէ հարց, որը նպաստավոր է Հայաստանի համար՝ թողնելով Հայաստանը առանց լծակների: Վերադարձի իրավունքի պահանջով հանդես գալը Հայաստանի համար կարող է փոխել դիվանագիտական քննարկումներն իր օգտին: Բացի այդ, վերադարձի իրավունքի համընդհանուր աջակցությունը գրեթե անվիճարկելի է, և որևէ չեզոք երկիր չի կարող դեմ լինել դրան որպես սկզբունք»,- նշում է Օսկանյանը և հավելում՝ միջազգային տարբեր դերակատարներ են խոսել վերադարձի իրավունքի մասին։
Այս համատեքստում նա անդրադարձել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե չպետք է շտապել խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։ Լավրովն առաջարկել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կարող է դեռ ծառայել որպես կոնֆլիկտի լուծման հիմք և հնարավոր վերադարձի ուղի՝ ապահովելով անհրաժեշտ միջոցներ կապի և անվտանգության համար:
Օսկանյանի խոսքով՝ նույնիսկ Ալիևը չի առարկում վերադարձի իրավունքին, թեև իր պայմաններով: Իհարկե, Ադրբեջանը ներկայացնում է, թե արցախցիները կամավոր են հեռացել, բայց միջազգային հանրության համար ակնհայտ է, որ տեղահանությունը եղել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով։
Նրա կարծիքով՝ միջազգային արձագանքներն այս հարցում ոչ միայն լայն համակարծություն են ցույց տալիս, այլև Հայաստանի ակտիվ մասնակցության կարևորությունը։ Սակայն այս ամենի ֆոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում է այս հարցին անդրադառնալ՝ պնդելով, որ վերադարձի իրավունքը Հայաստանի շահերից չի բխում, սակայն ոչ մի հիմնավորում չի նշում։ Օսկանյանն ընդգծում է, որ ՀՀ կառավարության լռությունը ոչ միայն զարմացնող է, այլև բացահայտում է բարոյական համոզմունքի, համարձակության իսպառ բացակայություն։ Մինչդեռ Արցախի ժողովուրդը, չնայած կրած դժվարություններին, վճռական է իր որոշման մեջ՝ վերադառնալու համար:
«Վերադարձի իրավունքի պաշտպանությունը ոչ միայն Հայաստանի շահերից է բխում, այլև բարոյական պարտականություն է, կառավարության գործողությունների բացակայությունը խարան է նրա խղճին, բացահայտ անգործություն և թերացում իր ժողովրդի նկատմամբ և այնպիսի անհասկանալի ու անբացատրելի զիջում, որի ուրավականը մեզ հավերժ հետապնդելու է»,- եզրափակում է Օսկանյանը:
Հիշեցնենք, որ վերջերս ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել։ Լավրովի խոսքով, ռուսական կողմը վստահ է, որ «չհասունացած խաղաղությունը, առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև «գետնի վրա» իրողությունների համալիր հաշվառման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, կստեղծի լարվածության և հակամարտության հնարավոր սրացման լրացուցիչ ռիսկեր:
Վերջին տվյալներով` Արցախից բռնի տեղահանվել է 115 359 քաղաքացի, որից 30 306-ն անչափահաս են։