ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Մահացել է հայտնի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան։ Նա 84 տարեկան էր։
Սվետլիչնայայի մահվան մասին հայտնել է կինոքննադատ Սուսաննա Ալպերինան։
«Մահացավ Սվետլանա Սվետլիչնայան` ԽՍՀՄ–ի թիվ մեկ գեղեցկուհին: «Ես մեղավոր չեմ , նա ինքնուրույն է եկել» (Не виноватая я! Он сам пришел) արտահայտությունը հետապնդեց նրան կյանքի ընթացքում: Հիմա կասեին` մեմ դարձավ», - գրել է Ալպերինան ֆեյսբուքյան էջում։
Շատերը դերասանուհուն հիշում են հատկապես «Ադամանդե ձեռքը» ֆիլմում մարմնավորված կերպարով։
Սվետլանա Սվետլիչնայա
© Sputnik
Վերջին տարիներին նա գտնվում էր Գիլյարովսկու անվան հոգեբուժական հիվանդանոցում։ Դեմենցիայի պատճառով չէր ճանաչում մտերիմներին, իսկ մի քանի ամիս առաջ բժիշկները չարորակ ուռուցք էին հայտնաբերել, բայց դերասանուհին հրաժարվել էր վիրահատությունից։
«Mash»–ի տեղեկություններով՝ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստը տառապում էր սաստիկ գլխացավերից, լսողության և տեսողության խնդիրներ ուներ:
Մարտին սրտամկանի ինֆարկտից հետո նա դադարել էր ինքնուրույն ուտել և խմել, բժիշկները սնուցումն ապահովում էին ներերակային ճանապարհով։
Մասնագետներն ավելի ուշ նաև երիկամների և թոքերի հիվանդություններ բացահայտեցին։
Օգոստոսի վերջին բժիշկները հայտարարեցին, որ նա անբուժելի հիվանդ է։