ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի շուկա ագրարային արտադրանքի արտահանումը ավելացնելու հարցում՝ ցորենի, հրուշակեղենի, արևածաղկի ձեթի և մի շարք այլ ապրանքների մատակարարման հաշվին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
Բացի այդ, Ռուսաստանը պատրաստ է ավելացնել սերմերի, անասնաբուժական օգտագործման դեղամիջոցների և պատվաստանյութերի մատակարարումը Հայաստան, ինչպես նաև միասին աշխատել գենետիկայի ոլորտում: Ընդ որում, ինչպես նշել են նախարարությունում, կողմերը շարունակում են զարգացնել հարաբերությունները ագրարային կրթության ոլորտում։
Նշենք, որ այսօր Երևանում կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի հինգերորդ նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ-ում ագրոարդյունաբերական համալիրի կայուն զարգացման հարցերը, գյուղատնտեսությանը պետական աջակցության հեռանկարային ուղղությունները: