ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Իրանը հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին գրավոր հավաստիացում է ներկայացրել, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ չի ձեռնարկել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ինչպես նշում է պարբերականը, հոկտեմբերի 14-ին Իրանից ստացած հաղորդագրությունը եղել է սեպտեմբերին Վաշինգտոնի ուղարկած մասնավոր նախազգուշացման պատասխանը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանն իբր կոնկրետ, բայց անհաջող մահափորձեր է արել իր դեմ և կարող է կրկնել դրանք։ Միևնույն ժամանակ նորընտիր նախագահն ընդգծել էր, որ սպառնալիքներն իրեն չեն վախեցնում, իսկ ԱՄՆ զինվորականները ուշադիր հետևում են իրավիճակին և պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։ Սակայն որևէ մանրամասներ կամ ապացույցներ Թրամփը չէր ներկայացրել։
Թեհրանի իշխանություններն իրենց հերթին կտրականապես հերքել են Թրամփին վերացնելու ենթադրյալ ծրագրերի մասին հայտարարությունները։