ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Այս պահին ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում «Stop Greenwashing Genocide!» (Վերջ տվեք էկոլոգիայի քողարկմամբ ցեղասպանությանը) խորագրով, որին մասնակցում է նաև շվեդացի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը։
Գրետա Թունբերգի մասնակցությամբ բողոքի ակցիա ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց
© Sputnik
Նշենք, որ Գրետա Թունբերգն օրեր առաջ է Հայաստան ժամանել և պատոնապես հրաժարվել է մասնակցել ՄԱԿ–ի կլիմայական համաժողովին (COP-29), քանի որ այն անցկացվում է Ադրբեջանում:
Գրետա Թունբերգի մասնակցությամբ բողոքի ակցիա ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց
© Sputnik
«Մենք ցույց ենք տալու, որ բոլոր նրանք, ովքեր համաձայնել են Cop- 29-ը անցկացնել բռնապետական պետության ներսում, սոլիդար են ոչ թե Cop– 29-ի խորագրի, այլ այն գործընթացների հետ, որ իրականացրել է Ադրբեջանը՝ մասնավորապես մարդկության դեմ հանցագործությունը, էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը Արցախի բնակիչների նկատմամբ»,–ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը։
Գրետա Թունբերգի մասնակցությամբ բողոքի ակցիա ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց
© Sputnik
Նրա խոսքով՝ բողոքի ակցիան COP– 29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշման դեմ է։
Գրետա Թունբերգի մասնակցությամբ բողոքի ակցիա ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց
© Sputnik
Ակցիայի մասնակիցները իրենց հետ բերված COP- 29-ի պաստառի վրա կարմիր ներկով «արյունոտ ձեռքեր» պատկերեցին ի նշան բողոքի։
Գրետա Թունբերգի մասնակցությամբ բողոքի ակցիա ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց
© Sputnik
Ակցիայի կազմակերպիչներից Մարգարիտա Քյարամյանը, որն Արցախի Հադրութից բռնի եղահանվել է Հայաստան, նշեց, որ Բաքվում COP- 29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է։
«Մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել և էթնիկ զտման ենթարկել Արցախը, չի կարող լինել ցիվիլ աշխարհի ներկայացուցիչ»,-ասաց նա։
Գրետա Թունբերգի մասնակցությամբ բողոքի ակցիա ՀՀ-ում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց
© Sputnik
Քյարամյանն ընդգծեց, որ Ադրբեջանը, որը թաթախված է նավթի մեջ, չի կարող խոսել բնապահպանությունից։ Տարածքային ամբողջականության վերականգնման անվան տակ Ադրբեջանը նպատակ էր դրել տիրանալ Արցախի բնությանը` տիրացել է Արցախի հողերին, անտառներին, արոտավայրերին և ջրերին։
«Այսօր մեր տներում ապրում են ահաբեկիչները։ Ադրբեջանն իր էկոավաններով փակում է աշխարհի աչքերն իր գործած հանցագործությունների վրա, և ուզում է ցույց տալ, որ կարող է լինել քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկը»,–հավելեց Մարգարիտան։
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP–29 գագաթնաժողովը անցկացվում է Բաքվում նոյեմբերի 11–24–ը։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը որպես բարի կամքի քայլ իր աջակցությունը հայտնեց այն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանեց իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունը հայտնեց Արևելյան Եվրոպայի խմբի COP-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
Կազմակերպիչները հավելեցին, որ այսօր ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին ուղղված իրենց ուղերձում ամենակարևոր կետն այն է, որ հայ գերիները պետք է ազատ արձակվեն։ Նրանք կոչ արեցին բոլոր միջազգային կազմակերպություններին, լրագրողներին այցելել Բաքվի բանտ և անձամբ համոզվել, թե ինչ անմարդկային պայմաններում են գոյատևում հայ ռազմագերիները։