Եղել է հրմշտոց ու վիճաբանություն․ Գնել Սանոսյանը՝ Երևանի ՋԷԿ-ում տեղի ունեցածի մասին

Գնել Սանոսյան
Նախարարը վստահեցրեց, որ իրավական գործընթացն առավել մանրամասն պատասխաններ կտա հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Ոչ թե ծեծկռտուք է եղել, այլ վիճաբանություն ու հրմշտոց, ընդ որում՝ «Երևանի ՋԷԿ»-ի հետ առնչություն չունեցող հարցի շուրջ։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով երեկվա միջադեպին։
Նոյեմբերի 14-ին MediaHub.am–ը հայտնեց, որ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ–ի տարածքում առավոտյան վիճաբանություն է տեղի ունեցել, և ՊՊԾ նախկին պետ, ՋԷԿ–ի փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև ծեծկռտուք է սկսվել։ Սարգիս Հովհաննիսյանը ԱԱԾ գեներալ-մայոր է, մինչ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ փոխտնօրեն նշանակվելը եղել է Պետական պահպանության ծառայության պետ, 2023 թվականի սեպտեմբերի 9-ին պաշտոնից ազատվել է «Դվին» հյուրանոցի տանիքում հնչած հրավառության պատճառով։ Իսկ Արթուր Պահլավունին էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ հայրն է։
Սանոսյանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ դեռ աշխատանքային ժամը սկսված էլ չի եղել։
«Մեծ միջադեպ կամ ծեծկռտուք չի եղել, մինչև շենք մտնելն ինչ-որ խոսակցություն և հրմշտոց է եղել, վիդեոներն ինքս տեսել եմ, ինչ-որ հարցի շուրջ, ընդ որում` այնպիսի հարցի, որը ՋԷԿ-ին չի առնչվում, եղել է խոսակցություն»,- ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով՝ այս պահին որոշակի իրավական գործընթաց է կատարվում, որն առավել մանրամասն պատասխաններ կտա հարցերին։