ՍԴ–ն նոր բան չի ասել. Արման Դիլանյանը` Անկախության հռչակագրի վերաբերյալ որոշման մասին

Սահմանադրական դատարան
ՍԴ նախագահի խոսքով` Անկախության հռչակագիրը ոչ ոք չի կարող չեղարկել` մեկ բացառությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանը Անկախության հռչակագրի որոշման մեջ նոր բան չի ասել, Անկախության հռչակագիրն իր ողջ ծավալով չի եղել Սահմանադրության մաս։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։
Սեպտեմբերի 30–ին ՀՀ սահմանադրական դատարանը վճռեց, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։
«30 տարի Սահմանադրությունը ՀՀ–ի համար ընկալվել է որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ, և Անկախության հռչակագիրն իր ողջ ծավալով չի եղել Սահմանադրության մաս։ Եթե նայեք Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը և բովանդակային առումով համեմատեք, փորձեք նրանց նույն իրավական ուժի հարթության մեջ տեղավորել, ես չեմ պատկերացնում` դուք ո՞նց եք այդ հակասությունները լուծելու»,– ասաց ՍԴ նախագահը։
Նրա խոսքով` անհասկանալի են այն հայտարարությունները, երբ ասվում է, որ Անկախության հռչակագիրը Սահմանադրության բաղկացուցիչ մասն է, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն, որ ՀՀ–ն 20 տարի ոչ թե պառլամենտական, այլ նախագահական երկիր է եղել, մինչդեռ հռչակագրով մենք պետք է պառլամենտական երկիր լինեինք։
«Այսինքն` մենք կասկածի տակ ենք դնում առհասարակ պետական կառավարման համակարգը և դրանով պայմանավորված այդ ինստիտուտների` նախագահի, ԱԺ լեգիտիմությունը, եթե ասում ենք, որ հռչակագիրը Սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Ամբողջ 30 տարի ոչ մեկի մոտ այդպիսի տպավորություն, կարծիք չի եղել, ուղղակի մենք առաջին անգամ խորությամբ ուսումնասիրեցինք խնդիրը և արձանագրեցինք գոյություն ունեցող իրողությունը։ Այսինքն` նոր բան ՍԴ–ն չի ասել»,– ընդգծեց Դիլանյանը։
Նա հավելեց` եթե քննադատաբար վերլուծեք Սահմանադրությունը և սեղանին դնենք Անկախության հռչակագիրը Սահմանադրության հետ միասին որպես մեկ միասնական տեքստ, արդյոք այս համեմատության դեպքում կունենա՞նք կայուն պետականություն և սպառնալիքի տակ չե՞նք դնի մեր սահմանադրական ինքնիշխանությունը։
Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրի չեղարկմանը, ապա Դիլանյանի խոսքով` այն ոչ մեկ չի կարող չեղարկել` մեկ բացառությամբ։
«Որ կողմից ուզում ես նայի, մեկ սուբյեկտ կա, որ կարող է չեղարկել Անկախության հռչակագիրը, դա հայ ժողովուրդն է։ ՍԴ–ն չի կարող չեղարկել»,– նշեց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի հայտարարեց, որ եթե ՀՀ ՍԴ-ն որոշի` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասում է Մայր օրենքին, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն։
Դա պետական հեղաշրջում է. Օրբելյանը` Անկախության հռչակագրի վերաբերյալ որոշման մասին