Ինչո՞ւ են տոնական ձևավորումն այս տարի 2 ամիս շուտ սկսել. Երևանի քաղաքապետարանի պատասխանը

Հանրապետության հրապարակ
Երևանի քաղաքապետարանն այս տարի շուտ է սկսել ձևավորումը, սակայն դեռևս ֆինանսական հարաբերությունների և պայմանագրի մասով ճշգրտման կարիք են տեսնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում Նոր տարվա ձևավորման աշխատանքները 2 ամիս շուտ են սկսվել, որպեսզի մայրաքաղաքին ավելի շուտ տոնական մթնոլորտ հաղորդվի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից` պատասխանելով մեր հարցմանը։
«Աշխատանքները շատ են ու մանրակրկիտ, ձևավորման աշխատանքները մի քիչ շուտ ենք սկսել, որպեսզի ամեն ինչ ժամանակին հասցնենք ու մյուս տարիների համեմատ ավելի շուտ վերջացնենք»,– նշեցին քաղաքապետարանից։
Sputnik Արմենիան նաև հետաքրքրվել էր, թե ինչ ընկերություն կամ ընկերություններ են հաղթել դեռ հոկտեմբերին հայտարարված մրցույթներում, և որքան գումար է սահմանվել կամ հատկացվել տոնական ձևավորման համար։
Ի պատասխան մեզ հայտնեցին, որ այս թեմայով դեկտեմբերի առաջին տասնօրյակից շուտ պետք չէ հարցում անել. դեռ հստակ պատասխաններ չունեն, քանի որ ֆինանսական հարաբերությունների, պայմանագրի և այլ բաղադրիչների մասով դեռևս ճշգրտման կարիք են տեսնում։
Քաղաքապետարանից նաև ասացին, որ այս պահին միայն տոնածառն է հավաքվում, ուրիշ ոչինչ, դա էլ այս տարի իրականացնում է «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ–ը։
Դիտարկմանը, որ Հանրապետության հրապարակում բացի տոնածառի տեղադրումից, արդեն ավարտվել են շենքերի արտաքին լուսավորման և ձևավորման աշխատանքները, արդեն շատրվանների հատվածն են զարդարում, գերատեսչությունից վստահեցրին` իրենք որևէ բան թաքցնելու միտում չունեն, ուղղակի ամբողջական պատկերը չեն կարող հայտնել։
Քաղաքապետարանից խոստացան, որ տոնական ձևավորմանն առնչվող ծախսերի վերաբերյալ հստակ պատասխան կտան մոտավորապես 30–օրյա ժամկետում։