ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար այս ծանր պահին ինձ համար շատ կարևոր էր գտնվել թիմի կողքին։ Այս մասին վաղը սպասվող խաղից առաջ կայացած նախախաղային ասուլիսում ասաց հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը։
Նշենք, որ վաղը Երևանում կկայանա Ազգերի լիգայի որակավորման խմբային փուլի պատասխան` Հայաստան– Ֆարերյան կղզիներ խաղը։
«Թող չթվա, թե հեշտ կարող ենք հաղթել այս խաղում, քանի որ մրցակիցը Ֆարերյան կղզիներն են։ Այս թիմի հետ դժվար է խաղալ և արդյունքի հասնել, բայց մենք կփորձենք դա անել վաղվա խաղում»,–ասաց նորընտիր ԺՊ–ն։
Նա խոստացավ փորձել ուրախություն պարգևել հավաքականի երկրպագուներին, որոնց ներկայությունը խաղերին ֆուտբոլիստների համար շատ կարևոր է։
Հավելենք, որ Հայաստանի ու Ֆարերյան կղզիների հավաքականները խմբային փուլում արդեն հանդիպել են մրցակցի հարկի տակ, և այդ խաղում, կողմերը 2-ական գնդակ փոխանակելով, մեկական միավոր են վաստակել։ Իսկ վերջին հանդիպումը խմբային փուլում Հայաստանի հավաքականը անցկացնելու է մրցակցի հարկի տակ, նոյեմբերի 17-ին Լատվիայում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականի մարզիչ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը հրաժարական տվեց։ Որոշումն ընդունվել էր ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո (0։2):