ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թբիլիսին պատրաստ է մոդերատորի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում։ Այս մասին այսօր Բաքվում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների առաջխաղացման գործում, սակայն դա կախված է գործընկերների հետ խորհրդակցություններից», - ասել է նա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP–29) 29-րդ նստաշրջանի շրջանակներում:
2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ կնքել խաղաղության պայմանագիր։ Նա հավելել էր, որ Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի հիման վրա՝ այն ձևով և ծավալով, որոնք պահանջված կլինեն բանակցող երկու կողմերի համար: