ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերն այսօր դարձել են Հնդկաստանի գովազդային վահանակը։ Ազգային ժողովում հերթական նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ամեն անգամ խոսում ու կռվում եմ պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որովհետև ռազմական ոլորտը, մասնավորապես զենքի վաճառքը, գաղտնիություն է պահանջում։ ՀՀ ԶՈւ–ն այսօր դարձել է Հնդկաստանի գովազդային վահանակը։ Մամուլը գրում է` էսինչ հրթիռն ուղևորվել է Հայաստան։ Լավ, հնարավոր չի՞ պայմանագիր կնքելիս գրել, որ սրա մասին հրապարակումն արգելվում է, ինչպես ամբողջ աշխարհն է անում։ Հնդկական մամուլը գրում է, հայկական էլ` արտատպում»,– բարկացած ասաց Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորն արձանագրեց, որ դրա համար էլ հաճախ լոգիստիկ խնդիրներ են առաջանում։
Այս ելույթի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մի քանիսը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սկսեցին տեղից խոսել, դեմ արտահայտվել։ Ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդարտեցրեց կուսակիցներին` զգուշացնելով, որ տեղից խոսել չի թույլատրվում, ընդգծեց` Գեղամ Մանուկյանը քաղաքական շատ լավ ելույթ ունեցավ։ ԱԺ նախագահը շեշտեց` անհամաձայնությունների դեպքում պատգամավորները կարող են ելույթների ժամանակ խոսել այդ մասին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին հնդկական մամուլը հղում անելով համալիրներ արտադրող «Bharat Electronics Limited» ընկերությանը, հայտնել էր, որ Հնդկաստանը Հայաստան է ուղարկում իր «Akash» զենիթահրռիթային համակարգերի առաջին մարտկոցը։