Իրանից ՀՀ 3.5 կգ թմրամիջոց է ներկրվել, ապա փորձել են իրացնել. դեպքով 5 անձ է կալանավորվել

Արարատի մարզի բնակիչը կապի մեջ է եղել ԻԻՀ–ի` անձը դեռևս չպարզված քաղաքացիների հետ, որոնք էլ թմրամիջոցը նետել են ՀՀ սահմանից այս կողմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի և Արարատի մարզի իրավապահները բացահայտել են Իրանից Հայաստան 3.5 կգ թմրամիջոցի ներկրման ու ապօրինի իրացման դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Պարզվել է, որ Արարատի մարզի 38-ամյա բնակիչն ԻԻՀ-ում բնակվող ինքնությունը դեռևս չպարզված անձանց նախապես խոստացել է պայմանավորված վայր տեղափոխել նրանց փոխանցած մարիխուանա տեսակի թմրամիջոցը։ ԻԻՀ քաղաքացիները պետական սահմանից ապօրինի կերպով նետելու միջոցով ՀՀ են տեղափոխել 4 փաթեթ թմրամիջոց։ 38-ամյա տղամարդը, 33-ամյա համագյուղացու հետ, նոյեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Մեղրիից ապօրինի ձեռք է բերել ավելի քան 3,5կգ թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված հիշյալ 4 փաթեթը»,– ասված է հաղորդագրությունում։
Դրանք պահվել են 33-ամյա անձին պատկանող «LADA GRANATA» մակնիշի ավտոմեքենայում: Այնուհետև նշված ավտոմեքենան բեռնել են Սյունիքի մարզի բնակչին պատկանող «Mersedes-Benz 612D» ավտոքարշակի վրա և թմրամիջոցով լցված փաթեթները Արարատի մարզի տարածքում գտնվող թաքստոցում թողնելու նպատակով ուղևորվել են Արտաշատ քաղաք։
Մեղրի համայնքի տարածքում պարեկային ծառայողները կանգնեցրել են դեպի Երևան ուղևորվող ավտոքարշակը, որոշել ստուգել փաստաթղթերը, ինչի համար ավտոքարշակը տեղափոխել են ոստիկանության Մեղրիի բաժին: Այդ ընթացքում ավտոքարշակի վրա գտնվող մեքենայում թաքնված անձանցից մեկը պատուհանից նետել է թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթները, ինչից հետո ավտոքարշակը կանգնեցվել է։ Փաթեթները նետող անձը փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է։ Արարատի մարզի 38-ամյա և 33-ամյա երկու բնակիչ տեղափոխվել են ԱԱԾ Սյունիքի մարզային վարչություն:
9 անձ է կալանավորվել Իրանից Հայաստան 12 կգ թմրանյութ տեղափոխելու գործով. ՔԿ
Նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, Արարատի մարզում գտնվող թաքստոցից թմրամիջոցի պարունակությամբ փաթեթներ վերցնելու պահին ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Երևանի 2 բնակիչ, որոնց հիշյալ վայր է տեղափոխել Ապարան համայնքի բնակիչը: Նշված անձանց ձերբակալման ընթացքում վերջինս «NISSAN» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի, որի ընթացքում պատուհանից նետել է անհայտ նյութի պարունակությամբ պոլիէթիլենային պարկ և նոթատետր, սակայն Արտաշատ քաղաքի մոտակայքում իրավապահները նրան ձերբակալել են և ավտոմեքենայով հանդերձ բերման ենթարկել։
Իրավապահները Մեղրի-Երևան ավտոճանապարհին կատարված դեպքի վայրի զննության ժամանակ, ճանապարհի հարակից ձորակում, հայտնաբերել են պոլիէթիլենով և թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված 4 փաթեթ: Նշանակված դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ փաթեթներում առկա զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արարատի մարզի 38 և 33-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Երևան քաղաքի 2 և Ապարան քաղաքի բնակիչներին` ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով:
Դատարանի որոշմամբ նշված 5 անձի նկատմամբ կալանքն ընտրվել է որպես խափանման միջոց։
Իրանի քաղաքացին փորձել է թմրանյութ բերել Հայաստան Չինաստանի քաղաքացու համար
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը, ինչպես նաև թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը (աղբյուրները) պարզելու ուղղությամբ: