ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ Այս Ազգային ժողովը վախենում է այնպիսի մի հայտարարություն անել, որը կարող է Ադրբեջանին գրգռել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության չմասնակցելը Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հայտարարության քվեարկությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ–ում այսօր քննարկվեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը, ընդդիմադիրներն առաջարկում էին նաև հայտարարություն ընդունել, բայց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը և տապալեց այն։
«Երևի 20 տարուց ավելի պատգամավորական կենսագրություն ունեմ, բայց չէի պատկերացնի, որ ՀՀ Ազգային ժողովն այս հարցը ոչ միայն կարող է դարձնել իմ ու քո հարց, այլ մերժել։ Սենց կարող էր լինել Միլի մեջլիսում»,- նշեց Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ իր մոտ խորանում է այն տպավորությունը, թե ՀՀ իշխանությունները պատանդ են Ադրբեջանի իշխանությունների ձեռքում։
Անդրադառնալով իշխանությունների մեկնաբանությանը, թե հայտարարություններով գերիներին հնարավոր չէ վերադարձնել, կուլիսային աշխատանքներ են կատարվում՝ Ռուստամյանը նշեց՝ այս հայտարարությունը որևէ կերպ չէր խանգարի հնարավոր կուլիսային գործունեությանը։
«Նույնիսկ խոշորացույցի տակ այս հայտարարությանը նայելիս ներքաղաքական որևէ խնդիր չես գտնի. ոչ մի մեղադրանք իշխանության հասցեին չկա»,- նշեց Ռուստամյանը։
Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։