Դատարանը վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանքը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի դատը
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի դատը. Արխիվային լուսանկար
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամի համար դատարանը սահմանեց չբացակայելու արգելք և 3 միլիոն դրամի չափով գրավ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր վերացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը։
«Խափանման միջոցը փոխվել է գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով՝ ավելի վաղ արդեն իսկ վճարվել էր 2 միլիոն գրավ, երբ Վարդանյանի կալանք խափանման միջոցը փոխարինվում էր տնային կալանքով։ Հիմա ավելացվեց ևս 3 միլիոն ՀՀ դրամ։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2025 թվականի հունվարի 15-ին։
Հիշեցնենք` հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է։
Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։
Հոկտեմբերի 11-ին դատարանի որոշմամբ Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով։