ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների բանավանի բնակիչ 59–ամյա տղամարդն առանց համապատասխան թույլտվության տանն ալկոհոլային խմիչքներ է պատրաստել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին տեղեկությունները ոստիկանությունում ստացվել են նոյեմբերի 8-ին։
«59-ամյա տղամարդու տանը՝ խմիչքների պատրաստման համար նախատեսված սենյակում, հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր մակնշումներով օղու և կոնյակի շշալցված և դատարկ տարաներ, արկղեր, խմիչք պատրաստելու համար նախատեսված հարմարանքներ և գործիքներ, կեղծ ակցիզային դրոշմանիշեր և այլն: Տանտերը հայտնել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում է հիշյալ արտադրատեսակների պատրաստմամբ և իրացմամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: