Տիգրան Բարսեղյանն այս անգամ չի կարող օգտակար լինել հավաքականին. հայտնի է, թե ինչու

Տիգրան Բարսեղյանը հավաքականի խաղերին. Արխիվային լուսանկար
Հավաքականի նախկին մարզիչ Ալեքսանդր Պետրակովը երկար ժամանակ Տիգրան Բարսեղյանին չէր հրավիրում հավաքականի խաղերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Սլովակիայի «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը շատ ուրախ է կրկին հավաքական հրավիրվելու համար, բայց այս անգամ չի կարող մասնակցել խաղին։ Այս մասին նա ասել է ՀՖՖ–ի պաշտոնական կայքի հետ զրույցում։
Հայտնել էինք, որ «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ հանդիպումներին:
«Շատ ուրախ եմ կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին, սակայն լիահույս եմ, որ մարտին կկարողանամ օգնել իմ խաղընկերներին խաղադաշտում: Անհամբերությամբ կսպասեմ ազգային հավաքականի հաջորդ հավաքին և խաղերին»,ասել է ֆուտբոլիստը:

Նշենք, որ «Սլովանի» «Սկալիցայի» դեմ խաղի վերջնամասում Բարսեղյանը մկանային ցավեր է զգացել: Պարզվել է, որ նա մկանային թեթև վնասվածք ունի: «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի բուժանձնակազմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են ռիսկի չդիմել՝ Բարսեղյանին ընձեռելով լիարժեք վերականգնվելու հնարավորություն:
Հավելենք, որ հավաքականի արդեն նախկին մարզիչ Ալեքսանդր Պետրակովը երկար ժամանակ Տիգրան Բարսեղյանին չէր հրավիրում հավաքականի խաղերին։