Ինչպես է վեճը վերածվել սպանության. ՔԿ–ն հրապարակել է Շենգավիթի դեպքի տեսագրությունը

Տղամարդը մեքենայի բեռնախցիկից վերցրել է փայտե մահակն ու հարվածել Սահակ Շահենյանի գլխին։
Sputnik
ՀՀ քննչական կոմիտեն տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում վեճը վերածվել սպանության։
ՆԳՆ ավելի վաղ տեղեկացրել էր, որ նոյեմբերի 10-ին Աերացիա թաղամասի սուպերմարկետներից մեկի մոտ տաքսու վարորդը մահակով խփել է 68-ամյա տղամարդու գլխին, ինչի հետևանքով տղամարդը մահացել է։
Պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ 68-ամյա Սահակ Շահենյանն է: Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Պարզվել է նաև, որ ժամը 20.30-ի սահմաններում սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել Արարատի մարզի Դարբնիկ գյուղի 56-ամյա բնակչի և Սահակ Շահենյանի միջև, որի ընթացքում 56-ամյա տղամարդը որպես տաքսի շահագործվող իր «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկից վերցրել է փայտե մահակն ու հարվածել Սահակ Շահենյանի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։
Ձեռնարկած միջոցառումների արդյունքում 56-ամյա տղամարդը ժամը 23.40-ին Դարբնիկ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն:
ՔԿ–ն տեղեկացնում է, որ նշանակվել է դիակի, ինչպես նաև ձերբակալված անձի դատաբժշկական փորձաքննություն: