Հայկական արբանյակով միլիոննե՞ր են ուղարկել տիեզերք. նախարարը` ձախողման լուրերի մասին

Հայկական պարբերականներից մեկն ավելի վաղ հայտնել էր նախագծի ամբողջական ձախողման մասին, արբանյակի աշխատանքի լուսանկարներն էլ մինչ օրս չեն հրապարակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Արմսաթ-1» արբանյակը հենց այս պահին աշխատում է, և դրան ապացույց կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` մեկնաբանելով նախագծի ձախողման մասին տեղեկությունները։
Հոկտեմբերին «Հրապարակ» օրաթերթը հայտնել էր, որ Հայրապետյանը «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նիստի ժամանակ հայտարարել է արբանյակի նախագծի լիակատար ձախողման մասին, որի վրա ծախսվել է առնվազն 8 մլն դոլար։ Թերթը, հղում անելով պաշտոնյային, նշել էր, որ արբանյակը կընկնի 2 ամսից, իսկ իշխանությունները 50 մլն դոլար արժողությամբ նոր ծրագիր են պատրաստում։ ԶԼՄ–ներում տեղեկություններ են հայտնվել նաև, որ արբանյակի թեմայի հետ կապված քրեական գործ է հարուցվել։
««Արմսաթ-1» արբանյակի վերաբերյալ որևէ աղմկահարույց տեղեկության ես չեմ տիրապետում։ Մամուլից եմ լսել միլիոնների մասին, ծիծաղ է առաջացնում։ Ես քրեական գործ հարուցելու մասին էլ որևէ տեղեկություն չունեմ»,– ասաց նախարարը։
Նշենք, որ արդեն շուրջ 1,5 տարի է ինչ նախարարությունը խոստանում է հրապարակել նկարները, բայց չի տրամադրում դրանք, իսկ այսօր Հայրապետյանը նշեց, որ երբ հանրությունը ճիշտ համարի, մի քանի լուսանկար կհրապարակվի։ ԲՏԱ նախարարի խոսքով` արբանյակն այժմ գործում է ու հիմա մոտավորաես 490-500 կմ բարձրության վրա է, նկարներ է անում, ինքն էլ անձամբ երեկ տեսել է արված լուսանկարները։
«Արբանյակը տեսալուսանկարահանող է, սա ապագայի մեջ ներդրում է։ Այսօրվանից մեր մասնագիտական թիմերն ամբողջությամբ ստանձնել են «Արմսաթ-1»–ի կառավարումը։ Արբանյակը տիեզերական լուսանկարներ է անում, կոնկրետ լուծաչափերով, դրանք, բնականաբար, չեն կարող լինել աշխարհի տարատեսակ միլիարդավոր դոլարների արժեք ունեցող լուսանկարահանող սարքերի որակին, բայց մենք նման խնդիր չենք դրել։ Ներկայացնել, որ 8մլն դոլար գումար է մսխվել, մեղմ ասած, լրջագույն մանիպուլյացիաներ են»,– ընդգծեց Հայրապետյանը։
Հայկական ուսումնական արբանյակի նոր մոդելի համար սկսել են տեղական էլեկտրոնիկա փնտրել
Հետագայում, ըստ նրա, հնարավոր կլինի մտածել ավելի ցածր ուղեծրում գտնվող արբանյակի, գեոստացիոնար կապի արբանյակների մասին և ներդրումներ կատարել այդ ոլորտում` երկրի անվտանգությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ 2024 թվականի մարտին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետաձգեց հայկական «Արմսաթ- 1» արբանյակով արված տիեզերանկարների հրապարակումը մինչև կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի պաշտոնական բացումը։
Նշենք, որ 2023 թվականի ապրիլից նախարարությունում հայտարարում են, որ կադրերը մոտ ապագայում կհրապարակվեն։