ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարևանությամբ մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային կառույցներին, ակնկալվում է, որ հաջորդ ամիս կառուցման մրցութային փուլը կսկսվի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետի խորհրդական, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ–ի տնօրեն Անետա Բաբայանը։
Նա ընդգծեց, որ ծրագիրը ներկայացվել է նաև արտաքին փորձագիտական համայնքին` ևս մեկ անգամ կարծիքներ ստանալու նպատակով։
«Եթե մինչև նոյեմբերի վերջ մասնագիտական խմբի նիստը կայանա և նախագիծը լրամշակված հաստատվի, կանցնեն արդեն մրցութային գործընթացի փուլ։ «Սուրմալուի» մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը հոկտեմբերի 17-ին կայացած մասնագիտական խմբի նիստում, ինչպես նաև բյուջետային քննարկման ժամանակ քննարկվել է, որտեղ որոշվել էր նախագիծը վերանայել, լրամշակել՝ այնտեղ ներառելով նաև որոշակի տեխնիկատեսական ուսումնասիրություն իրականացնելու բաղադրիչը»,– նշեց Բաբայանը։
Նրա խոսքով` ներկայում ծրագրի հավանական ֆինանսավորման ուղղությամբ նախնական բանակցություններ են տարվում միջազգային կառույցների հետ։
Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերի 7-ին կայացած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել էին, որ մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով հնարավոր է առաջիկայում նախագծի մրցույթ հայտարարվի։