ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ղեկավարների թուլությունն ու անատամությունը կարող է երկիրը տանել դեպի նոր բացասական հետևանքներ՝ ապագայում ցանկացած մեկի համար խիստ դժվարացնելով նոր Հայաստանի ուրվագծերի ձևավորումը։
Այսպիսի գրառում է կատարել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա ընդունված հրադադարի մասին եռակողմ հայտարարության չորրորդ տարելիցի կապակցությամբ։
Ռուսաստանի հայերի միությունը իր Telegram-ալիքում հայտնում է, որ Աբրահամյանը հիշեցրել է՝ 44-օրյա պատերազմը դադարեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ։
Չորս տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը, համեմատելի են Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության հետ։
«Պատերազմը, զոհերը, տարածքների և ազգային շահերի հանձնումը, պատմական խորհրդանիշներն ու հոգևոր արժեքները ոտնահարելը, Հայոց ցեղասպանությունը չճանաչելու քաղաքականությունը և շատ ավելին, որ այսօր կատարվում է մեր աչքի առաջ, առաջին հերթին մինչև օրս Հայաստանը կառավարող այսպես կոչված «թավշյա իշխանությունների»՝ գործողությունների արդյունքն է, իսկ նրանք հենվում են հայկական վերնախավերի անտարբերության վրա»,-նշել է Աբրահամյանը։
Նա վստահ է, որ Հայաստանն ու նրա ժողովուրդը անդառնալիության կետը դեռ չեն անցել։ Աբրահամյանը համոզված է, որ հզոր ու հայրենասեր ուժերի կողմից այն վտանգների ու սպառնալիքների գիտակցումը, որոնց բախվելու է յուրաքանչյուր հայ՝ անկախ բնակության վայրից, ի զորու է միավորել համահայկական ներուժը և ոչ միայն պահպանել ու հզորացնել Հայաստանի պետականությունը, այլև վերադարձնել կորցրած բոլոր դիրքերը:
Հայերի միության նախագահը նշել է, որ միակ բանը, որ հնարավոր չէ վերադարձնել, տասնյակ հազարավոր հայերի կյանքն է: