Փարիզի Աստվածամոր տաճարում 2019-ի հրդեհից հետո առաջին անգամ հնչել են հյուսիսային զանգակատան բոլոր ութ զանգերը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այդ մասին վկայող տեսանյութ է հրապարակել X սոցցանցում:
«Հինգ տարի առաջ խոստում տրվեց՝ միասին վերակառուցել Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այսօր դրա զանգերը վերջապես հնչեցին ձեզանից շատերի արտասովոր աշխատանքի շնորհիվ։ Մեկ ամսից մենք նորից կբացենք դրա դռները», - նշել է Մակրոնը։
Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ ամենամեծ հրդեհը տեղի է ունեցել 2019-ի ապրիլի 15-ին։ Կործանվել էր աշտարակը, կրակը տարածվել էր կրող կառույցի վրա։ Հրդեհը ոչնչացրել էր տաճարի եզակի փայտե ծածկը, որը կառուցված էր 800 տարեկան կաղնու գերաններից։
Նախատեսվում է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը այցելությունների համար կբացվի 2024-ի դեկտեմբերի 8-ին: Դրա վերականգնման համար պահանջվել է հինգ տարի։