ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Երևանին և Բաքվին` խաղաղ բանակցությունների հաջող ավարտի համար։ Այս մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարությունում:
Նշվում է, որ այսօր լրանում է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ընդունման 4-ամյակը, որը թույլ է տվել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հիմքեր դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համար:
Հետագայում 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները զարգացել են 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններում։
«Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանը պատրաստ է, ինչպես և նախկինում, գործընկերային աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա այն ձևով և ծավալով, որը պահանջված կլինի երկու բանակցող կողմերից», – ասվում է հաղորդագրության մեջ:
2020 թ–ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, ստորագրել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին հայտարարություն: Այն ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել յոթ շրջաններ (Ջեբրայիլ, Զանգելան, Կուբաթլի, Ֆիզուլի, Աղդամ, Քելբաջար և Լաչին), ինչպես նաև Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը և Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի և Քաշաթաղի շրջանների մի շարք բնակավայրեր։