Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով

«Վերին Լարս» անցակետը հատելու համար հերթում ընդհանուր առմամբ սպասում է 1890 տրանսպորտային միջոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետն անցնելու համար էլեկտրոնային հերթում սպասում է շուրջ 600 հայկական բեռնատարներ։ Նրանց թիվը նախորդ օրվա համեատ ավելացել է 150-ով։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Նոյեմբերի 8-ին հայտնել էինք, որ էլեկտրոնային հերթում 1405 բեռնատար կա, որոնցից 439-ը հայկական համարանիշներով են։
«Դա (600–ը) հերթում սպասող տրանսպորտային միջոցների ընդհանուր թվի 30 %-ն է, որոնք պետք է հատեն մաքսային անցակետը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 1890 տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն:
Վրաստանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Լարսով անցնելու համար
Բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ:
Հիշեցնենք, որ Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
Եթե Լարսի խնդիրը չլիներ... Քերոբյանն ու տնտեսագետը մեկնաբանել են տնտեսական աճի ցուցանիշը