ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik, Դավիթ Գալստյան. Սահմանագծումից հետո Տավուշի մարզի Կիրանց համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերի հասանելիության հարցը շարունակում է չլուծված մնալ։
Դեռ հունիսին Sputnik Արմենիան գրել էր, որ Կիրանց գյուղի բնակիչները Բերքաբերի ջրամբարի մոտ գտնվող գյուղատնտեսական հողերին հասանելիության հետ կապված խնդիրներ կունենան։ Հիմնական ճանապարհն անցնում էր նախկին Խերիմլի գյուղով, որ հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել։
Այն ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ ասացին, որ հարցին կարելի է անդրադառնալ սահմանազատման և սահմանագծման գործընթացից հետո։
Ավելի ուշ մենք նոր հարցում ուղարկեցինք ՏԿԵՆ` հետաքրքրվելով, թե արդյոք խնդիրը լուծվել է։
«Այս պահին լուծում չկա»,-հայտնեցին նախարարությունից:
Տեղի բնակիչներն ու հողատարածքների սեփականատերերն իրենց հերթին մեզ հետ զրույցում ասացին, որ բերրի հողերը, որտեղ նախկինում ցորեն էին ցանում, հիմա անմշակ են մնում: Այնտեղ կարելի է հասնել մեկ այլ, համեմատաբար դժվարանցանելի ճանապարհով (ամենագնացներով)։
Գյուղացիները չեն շտապում այդ հողերը մշակել անվտանգության խնդիրների պատճառով։ Մի կողմից նրանք մտավախություն ունեն, որ նոր սահմանին հայտնված հատվածները կարող են ականապատվել։ Մյուս կողմից` սահմանազատումից հետո ադրբեջանցի սահմանապահները շատ մոտ են դիրքավորվել` նախկին հարևան Խերիմլի գյուղի տարածքում, անմիջապես այդ հողամասերի հարևանությամբ։
Հողատերերից ոմանք սահմանազատում/սահմանագծումից հետո այնտեղ առհասարակ չեն գնացել։
Ավելին, այդ տարածքներ այցելելը խնդրահարույց է նաև հայաստանցի սահմանապահների հետ համաձայնեցնելու անհրաժեշտության պատճառով։
Նշենք, որ գյուղին է պատկանում ջրամբարի ափին գտնվող մոտ 60 հա հողատարածք (որից մշակվում է մոտ 45 հեկտարը): Այդ տարածքը գյուղացիներն առաջարկում էին փոխանակել Բաքվին հանձնվող կամրջի և գյուղին ամենամոտ տարածքի հետ, սակայն նրանց առաջարկը չընդունվեց։ Այդ պահին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները տարածքի փոխանակման իրավունք պաշտոնապես չունեին։