Պետք չէ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել քվեարկության ընթացքում․ Մինասյան

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի խոսքով` նախագծի նպատակը հնարավոր խնդիրները լուծելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարծում է, որ ընտրությունների քվեարկության ժամանակահատվածում պետք չէ արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարել։ Նա այդ մասին ասաց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ նախագծի` եթե քվեարկության ընթացքում (մինչև ձայների հաշվարկի ավարտը կամ վերջնական արդյունքների գրանցումը) արտակարգ կամ ռազմական դրություն է հայտարարվում, ապա ընտրական գործընթացը կասեցվում է, իսկ արտակարգ կամ ռազմական դրության չեղարկումից հետո կազմակերպվում է նոր քվեարկություն։
«Առաջարկում եմ ընտրությունների օրը` ժամը 8։00–20։00–ն ընկած ժամանակահատվածում, արտակարգ և ռազմական դրություն չհայտարարել։ Եթե 20։00–ից հետո պահպանվեն ռազմական կամ արտակարգ դրության հիմքերը, ապա առնվազն ընտրողների քվեարկության նախնական արդյունքները պետք է ֆիքսվեն»,– ասաց Մինասյանը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը պատասխանեց, որ մասնագետները պետք է ուսումնասիրեն այս առաջարկը, թե կոնկրետ ժամանակահատվածում արտակարգ դրություն չհայտարարելը իրավական ինչ հետևանքների կարող է հանգեցնել։
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, որը նույնպես մասնակցում է լսումներին, հետաքրքրվեց` ինչու է ՀՀ կառավարությունն այս փաթեթի ընդունումը համարել անհետաձգելի։
«Ուզում եմ հասկանալ` կառավարությունը նախատեսում է առաջիկայում արտակարգ դրություն սահմանե՞լ, կամ այնպիսի պայթունավտանգ իրավիճակ ստեղծել մեր երկրի արտաքին–քաղաքական–անվտանգային իմաստով, որ ռազմական դրության սպառնալիք կա՞, որ կառավարությունը մտադիր է ներքաղաքական գործընթացները կազմակերպել այնպես, որ առաջանան արտահերթ ընտրություններ»,– հարցրեց նա։
Պատասխանելով Ղազարյանի առաջին հարցին` Արմենուհի Հարությունյանը նշեց, որ այս նախագիծն այլևս անհետաձգելի չի համարվում, քանի որ այն լրամշակելու անհրաժեշտություն է առաջացել։
«Երկու տարի շարունակ բոլոր շահագրգիռ կողմերի հետ այն քննարկվել է, ու քննարկումները դեռ շարունակվում են։ Մինչև դեկտեմբերի 3–ը մենք ժամանակ ունենք լրամշակման համար, քանի որ այդ ժամանակ է փաթեթը ներկայացվելու 2–րդ ընթերցմամբ ԱԺ քննարկման»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է Ղազարյանի մյուս դիտարկմանը, ապա Հարությունյանն ասաց, որ մինչ օրս որևէ կարգավորում չի եղել, թե ինչ պետք է անենք ընտրությունների օրը, եթե ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվի։
«Մինչ այս պահը ընտական գործընթացները կասեցնելու որևէ այլ հնարավորություն չենք ունեցել։ Մենք փորձել ենք օրինականության ապահովման և իրավական որոշակիության շրջանակում այնպիսի կարգավորումներ ներմուծել, որոնք բոլորի համար, այդ թվում` երևի թե ընդդիմության համար գոնե ընդունելի կլինեն»,– ընդգծեց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը վերջին անգամ փոխվել է ընդամենը 3 տարի առաջ` 2021-ին, բայց իշխող քաղաքական ուժը առաջիկա ընտրություններին ընդառաջ որոշել է նոր փոփոխություններ կատարել։