Երևանում ձերբակալվել է 29-ամյա երիտասարդը, որը ավտոմեքենան վարել է՝ ինչպես ուզել է

Աբովյան, Թումանյան, Պուշկինի փողոցներում, Մաշտոցի պողոտայում և Հանրապետության հրապարակում երթևեկել է լուսացույցի կարմիր լույսի առկայությամբ, իսկ Պուշկինի փողոցում՝ նաև հանդիպակաց։
Sputnik
Երևանում ձերբակալվել է 29-ամյա երիտասարդը, որը «սովորություն» է ունեցել ավտոմեքենան վարել լուսացույցի կարմիր լույսի առկայությամբ կամ նույնիսկ հանդիպակաց, հայտնում են ոստիկանությունից։
«Նոյեմբերի 7-ին սոցիալական կայքերից մեկում տեսանյութեր էին տեղադրվել, որոնցում երևում էր, թե «Ռենջ Ռովեր» և «Պորշ» մակնիշի մեքենաներով տարբեր ժամանակահատվածներում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անտեսելով երթևեկության մյուս մասնակիցներին, Աբովյան, Թումանյան, Պուշկինի փողոցներում, Մաշտոցի պողոտայում և Հանրապետության հրապարակում երթևեկում են լուսացույցի կարմիր լույսի առկայությամբ, իսկ Պուշկինի փողոցում նաև երթևեկել են հանդիպակաց, Հանրապետության հրապարակում՝ անցնել գորգի վրայով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ 29-ամյա երիտասարդը: Նա Վրացյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: