ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի՝ Թուրքիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը մասնակցությունը համաձայնեցված էր ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Կարծում ենք, որ դիվանագիտական շփումները տարբեր մակարդակներով, այդ թվում՝ դեսպանների մակարդակով, նորմալ պրակտիկա է։ Եղել է հրավեր, այն ընդունվել է»,- ասաց Կոստանյանը։
Փոխարտգործնախարարի խոսքով՝ թուրք դիվանագետներն էլ մասնակցում են մեր երկրի կազմակերպած ընդունելություններին։ Նա նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնում, որն այս պահին բավականին դինամիկ է։
Մեկնաբանելով տեղեկությունները, որ ընդունելության ժամանակ Ադրբեջանի դեսպանը սպառնացել է Բալայանին՝ Կոստանյանը դա մտահոգիչ և տհաճ միջադեպ անվանեց։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բրյուսելում Թուրքիայի ազգային տոնին նվիրված միջոցառման ժամանակ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին։ Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին` նշելով, որ Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպանի կողմից, որը «ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի նկատմամբ»: