ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանն աստիճանաբար ավարտում է իր նորագույն սպառազինության փորձարկումները։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սոչիում «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նիստի ժամանակ։
«Մենք հիմա արդեն մոտենում ենք նրան, որ մեր նորագույն մշակումները, որոնց մասին ես դեռ հինգ տարի առաջ էի խոսում, սպառազինության մեջ ներառենք։ Մենք հիմա աստիճանաբար ավարտում ենք փորձարկումները»,-ասել է նա։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ բառացիորեն երեկ զրուցել է երկրի խոշորագույն պաշտպանական կոնցեռններից մեկի ղեկավարի հետ։ Վերջինս զեկուցել է սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծման ոլորտում իր գաղափարների մասին։ Բայց այդ մասին խոսելը դեռ վաղաժամ է։
Պուտինը նաև նշել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու նպատակ ունի, բայց միևնույն ժամանակ ուզում է երկխոսություն վարել ռազմավարական կայունության շուրջ: ՌԴ նախագահը տարակուսանք է հայտնել Վաշինգտոնի նման դիրքորոշման կապակցությամբ։
«Վալդայ» միջազգային բանավեճի ակումբը քաղաքագիտության, տնտեսագիտության, պատմության և միջազգային հարաբերությունների ոլորտի առաջատար արտասահմանյան և ռուս փորձագետների միավորում է: