ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik․ Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը դեռ չի հասցրել ծանոթանալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծի տեքստին, քանի որ դեռ աշխատանքին երրորդ օրն է։ Այս մասին ննախարարն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ծանոթանալ չեմ հասցրել, բայց ստանձնել եմ պատասխանատվություն` ապահովելու խաղաղության այս ողջ գործընթացի իրավական ուղեկցումն ու ապահովումը»,- ասաց նա։
Գալյանը հավելեց՝ չի կարող այս պահին որևէ մեկնաբանություն տալ նաև Բաքվի կողմից ոչ պաշտոնական խողովակներով հանրայնացված նախագծի այն կետի մասին, որը վերաբերում է երկու երկրների միջև դիվանագիտական և իրավական վեճերի բացառմանը, ենթադրվում է` նաև միջազգային դատարաններից հայցերը հետ կանչելուն։
Լրագրողը հարց ուղղեց՝ արդյոք Գալյանը համաձա՞յն է Փաշինյանի որոշման հետ՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։
«Ես խոսում եմ խաղաղության օրակարգի մասին, որի մասին պարոն վարչապետը շատ հասկանալի, պարզ մեկնաբանություններ է տվել իր հարցազրույցներում, և այդ գաղափարներն ամբողջովին կիսում եմ»,- ասաց Գալյանը։
Նա հավելեց՝ մեր պետությունը դժվար ճանապարհով է անցել, դժվար էր տարիներ առաջ կանխատեսել այն խնդիրը, որում այսօր ենք։
«Հիմիկվա պայմաններում, այսօր ու այստեղ ես հավատում եմ իրական Հայաստանի գաղափարին, և կարծում եմ, որ բոլորս, այդ թվում՝ ես, ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք ապահովել խաղաղ և անվտանգային միջավայր մեր երկրում»,- ասաց նա։
Նշենք, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն Ադրբեջանին է ուղարկել օգոստոսի վերջին։
Օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 16 հոդվածից 13-ը համաձայնեցված է. Ադրբեջանին առաջարկել են ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա:
Իլհամ Ալիևն իր հերթին սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի խորհրդարանում «ոչ ադեկվատ և պարզունակ» որակեց հայկական ղեկավարության գործողությունները։
Նոյեմբերի 5–ին հայտնի դարձավ, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխան առաջարկներ է ստացել Ադրբեջանից։