Իրանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց հստակություն է ուզում

Հայ-իրանական հարաբերությունները պետք է զարգանան արտաքին խաղացողներից նվազագույն կախվածությամբ և առանց քաղաքական կոնյունկտուրային ուշադրություն դարձնելու։
Sputnik
Իրանը վճռական է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու հարցում, սակայն կարող է մտահոգություններ ունենալ Երևանի անորոշ արտաքին քաղաքականության հետ կապված: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԻԻՀ Մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ Իրանը, որին մտահոգում է տարածաշրջանային իրադրությունը, ձգտում է փոխգործակցել տարածաշրջանի առանցքային երկրների հետ: Իրանի դիրքորոշումը համագործակցության հարցերում՝ հիմնված փոխադարձ հարգանքի և տարածքային ամբողջականության պահպանման վրա, շատ հարցերում համընկնում է Հայաստանի շահերի հետ։
Բեգլարյանը կարծում է, որ Իրանը կշարունակի զարգացնել փոխգործակցությունը Հայաստանի հետ, հատկապես տնտեսության, ենթակառուցվածքային նախագծերի ոլորտում և միջազգային ասպարեզում: Թեհրանի համար Երևանը կարևոր է նաև որպես լոգիստիկ շղթաների և մատակարարումների դիֆերսիֆիկացմանգործընկեր:
«Իրանն այս համագործակցությունը դիտարկում է ոչ միայն որպես տնտեսական հնարավորություն, այլև որպես տարածաշրջանային անվտանգության գործոն։ Հայաստանն իրավունք ունի հարաբերություններ զարգացնել տարբեր երկրների հետ, բայց Իրանը, անշուշտ, կփորձի առանձնահատուկ տեղ զբաղեցնել այդ գործընթացում»,-ընդգծեց Բեգլարյանը։
Նրա կարծիքով՝ երկու երկրները պետք է ձգտեն նվազագույնի հասցնել արտաքին գործոնների ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա։
Մեկնաբանելով ԱՄՆ ընտրությունների արդյունքները՝ Բեգլարյանը նշեց, որ Դոնալդ Թրամփի վերադարձը դժվար թե իրավիճակ փոխի Իրանի համար, չնայած այն տարածված կարծիքին, թե «Թրամփն այլևս այն չէ, ժամանակներն էլ ուրիշ են»: Հենց Թրամփի օրոք էր Իրանի վրա ճնշումը առավելագույնին հասել, այնտեղ դա չեն մոռացել։
Բեգլարյանը հիշեցրեց, որ Թրամփը ձգտում էր փոխել միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը՝ նախկին համաձայնագիրն անարդար համարելով և փորձելով ԱՄՆ-ի համար ավելի ձեռնտու պայմաններ ապահովել:
Հանդիպման պայմանավորվածություն կա. Սոբհանին` Հայաստան-Իրան-Հնդկաստան երթուղու մասին
Այնուամենայնիվ, նրա կարծիքով, պետք է սպասել ԱՄՆ-ի և Իրանի արտաքին քաղաքականության մեջ նոր օրակարգի ձևավորման:
ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ Բեգլարյանը չի ակնկալում։ Նա ենթադրում է, որ երկու երկրներն էլ սպասողական դիրք կգրավեն՝ ուշադիր հետևելով միմյանց։ Փորձագետը կասկածում է, որ Թրամփը, չնայած պատերազմները դադարեցնելու մասին իր հայտարարություններին, կկարողանա օբյեկտիվ լինել Գազայի հակամարտության հարցում և բիզնեսի շահերը արդարությունից վեր դասել: