ՀՀ–ում կտրուկ աճել է ինտենսիվ այգիների պահանջարկը. նախարար

Գևորգ Պապոյան
Ինտենսիվ այգիներ հիմնելու համար ՀՀ կառավարությունը հաստատեց լրացուցիչ միջոցներ տրամադրելու մասին նախագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. 2024 թ. Հայաստանում ինտենսիվ այգիների հիմնման նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն գերազանցել է սպասելիքները։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով` ինտենսիվ այգիներ հիմնելու համար այս տարի նախատեսվել էր 219 մլն դրամի օգնություն, սակայն հայտերի ընդհանուր ծավալը հասել է 1 մլրդ 415 մլն դրամի, ինչը պահանջում է 1 մլրդ 148 մլն դրամով շատ լրացուցիչ ֆինանսավորում: Լրացուցիչ այս գումարի տրամադրման որոշումն այսօր հաստատվեց կառավարության նիստի ժամանակ։
Նախարարը տեղեկացրեց, որ այս միջոցները նախատեսված են սուբսիդավորելու վարկերի տոկոսադրույքները, որոնք ֆերմերներն օգտագործում են տնկիներ, կաթիլային ոռոգում, հակակարկտային ցանցեր և այլ անհրաժեշտ նյութեր գնելու համար:
Նշենք, որ ըստ կառավարության որոշման նախագծի` այս տարի գումարը կտրամադրվի 21 շահառուի։
Պապոյանն ընդգծեց, որ պետական աջակցությունը տրամադրվում է միայն հայտը ստուգելուց հետո. գյուղացին պետք է ներկայացնի սածիլների գնման փաստաթղթերը։ Այգիների հիմնումից հետո իրականացվում է նաև կանոնավոր մոնիտորինգ։
Նա հիշեցրեց, որ կառավարությունը կփոխհատուցի այգու ստեղծման որոշակի աշխատանքների ծախսերի մինչև 50 տոկոսը, ինչպես նաև 5 հա–ից ավել հողատարածքի արժեքի մինչև 30 տոկոսը, եթե այն ձեռք է բերվում ինտենսիվ այգին հիմնելու համար:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարին քրեական վարույթ էր նախաձեռնվել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի, էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնյաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների դեմ։ Խոսքը վերաբերում էր ինտենսիվ այգիների հիմնման ծրագրի իրականացման ընթացքում պետական միջոցների հափշտակմանը, ինչպես նաև մրցույթներին ընկերությունների մասնակցության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելուն։
Հափշտակել են ավելի քան 1 մլն դոլար. ՀՀ–ում ինտենսիվ այգիների գործով 12 մեղադրյալ է անցնում