ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունում սկանդալ է եղել. ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար գումար է վերցրել մարդկանցից: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի խմբագրություն են դիմել երկու կանայք և հայտնել, որ ցանկացել են ընտանիքով՝ 8 անձով, մեկնել ԱՄՆ և վիզայի համար դիմել են «Ավա թրեվլ» տուրիստական ընկերության աշխատակից Նունե Սոֆյանին։
«Սոֆյանը ներկայացրել է, որ գործընթացը կլինի այսպես. ընտանիքներից որոշ ներկայացուցիչներ ՀՀ ԱԳՆ–ում աշխատանքի կանցնեն, որից հետո կդիմեն դեսպանատուն և վիզա կստանան, բայց ամեն անձի համար պետք է վճարել 7000 ԱՄՆ դոլար: Հավաստիացումները ստանալուց հետո քաղաքացիները վաճառել են իրենց բնակարանները և գրասենյակում 10 հազար դոլար տվել Նունեին, իսկ հետո վերջինս ասել է, որ 7000 ԱՄՆ դոլար էլ պետք է վճարեն ԱԳՆ-ի դիմաց մի մարդու, որը հետագայում պարզվել է` ԱԳՆ-ում աշխատող վարորդ Երջանիկ Ումրշատյանն է: Վերջինս ԱԳՆ ավտոմեքենայով ԱՄՆ դեսպանատուն է տարել քաղաքացիներին, բայց վիզա ստանալ չի հաջողվել»,– գրում է պարբերականը։
Ըստ լրատվամիջոցի` երբ քաղաքացիները հասկացել են, որ վերջնականապես խաբված են, պահանջել են իրենց գումարը նախ Նունեից, հետո Երջանիկից, ապա փոխանցել են պահանջը Վահան Կոստանյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի վերաբերյալ 2 անգամ զրուցել է Նունե Սոֆյանի հետ, որը պահանջել է ոչինչ չհրապարակել իր անունից, քանի որ ինքը թույլ չի տալիս:
Թերթը դիմել է նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին՝ պահանջելով պարզաբանել, թե իր վարորդի ենթադրյալ մեքենայություններից տեղյակ է արդյոք, ինչ մասնակցություն ունի այս պատմությանը:
Կոստանյանը պատասխանել է, թե Երջանիկ Ումրշատյանն աշխատանքից ազատվել է մինչև իր փոխնախարար դառնալը, ապա տեղեկացրել, թե այս տարվա սեպտեմբերի 14-ին հաղորդում է ներկայացրել դատախազություն, երբ նրա անօրինականության մասին իմացել է:
Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ Ումրշատյանը 2022 թվականի մարտի 1-ից աշխատանքի է անցել ԱԳՆ-ում (Կոստանյանը փոխնախարար է դարձել 2023 թվականի հունվարից): Իսկ Վահան Կոստանյանի պատասխանում գրված է, որ Ումրշատյանը իր փոխնախարար նշանակվելու ժամանակ արդեն ազատված է եղել ԱԳՆ-ում վարորդի աշխատանքից և նրա վարորդը չի եղել:
«Նախարարության և փոխնախարար Կոստանյանի հակասական պատասխաններն արդեն իսկ կասկածահարույց են: Ինչո՞ւ է Կոստանյանը կտրուկ «հրաժարվում» վարորդ Ումրշատյանից, եթե մեզ դիմած քաղաքացիները պատմել են, որ տեսել են՝ ինչպես է ինքն իջել Ումրշատյանի ավտոմեքենայից ու աշխատանքի գնացել, իսկ վարորդը հանդիպել է քաղաքացիներին դիմացի այգում: Բայց առավել ուշագրավ է այն, որ ԱԳՆ-ն թաքցրել է պատճառը, թե ինչու է արտաքին գործերի նախարարության վարորդը օրերս ազատվել աշխատանքից: Փաստն այն է, որ Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցի աշխատակիցը օրեր առաջ՝ հոկտեմբերի 28-ից, «անհետացել» է ՀՀ-ից»,–գրում է լրատվամիջոցը։
«Ժողովուրդ» օրաթերթը նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին է դիմել՝ պարզելու, թե ինչ գործ է քննվում այս մասով, ովքեր կան ներգրավված. դատախազությունից, սակայն լրացուցիչ 30 օր են խնդրել հարցերին պատասխանելու համար: