Իրականությունն այն է, որ Դոնալդ Թրամփի պատկառելի հաղթանակն ակնհայտ դարձավ քվեարկության ավարտից ընդամենը մի քանի ժամ անց։ Ընդ որում` նրա օգտին, նախնական տվյալներով, քվեարկեցին գրեթե 5 միլիոնով շատ ընտրողներ, քան Քամալա Հարիսի։
Ուրեմն կարո՞ղ ենք ասել, որ ճիշտ Հայաստանի նման Ամերիկայում էլ անհրաժեշտ է շատ մեծ վերապահումներով վերաբերվել սոցիոլոգիական տվյալներին։ Հենց այդ հարցն է ուղղել կոնգրեսական Մերջորի Թեյլոր Գրինին ամերիկացի ամենահայտնի լրագրողներից մեկը՝ Թաքեր Կառլսոնը. «Կարելի՞ է արդյոք պնդել, որ հարցումներն օգտագործվում են ոչ թե հասարակական կարծիքն ուսումնասիրելու, այլ այդ կարծիքը ձևավորելու համար»։
«100 տոկոսով։ Լրատվամիջոցները, ինչպես նաև դեմոկրատներն ու հանրապետականները, վկայակոչելով հարցումների արդյունքները, ամեն օր զանգվածային ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով ազդել մարդկանց կարծիքի ձևավորման վրա։ Եթե օրեցօր կրկնեք նորությունների թողարկումների ժամանակ, որ Դոնալդ Թրամփը հետ է ընկնում բոլոր հարցումներում, որ Թրամփը նացիստ է, Թրամփը ֆաշիստ է, Թրամփը Հիտլերն է, Թրամփը բռնապետ է, միգուցե որոշ մարդիկ չցանկանան քվեարկել նրա օգտին»,- պատասխանել է կոնգրեսականը։
Ի դեպ, Թրամփի դեմ արշավը շարունակվում է։ Ահա թե ինչ է գրում ամերիկյան ամենահեղինակավոր թերթերից մեկը՝ «The New York Times»-ը. «Իր 248-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ Ամերիկան հայտնվել է հեղինակապաշտական պետություն դառնալու հեռանկարի առջև։ Ընդ որում` հանրապետականների թեկնածուն ամենևին էլ ուժով չի գրավել իշխանությունը. Ամերիկացիները, լավ իմանալով Թրամփի հեղինակապաշտական հակումները, իրենք են բերել նրան իշխանության»։
Մեկ այլ լրատվամիջոց մի մեծ ցուցակ է հրապարակել, որում ընդգրկված են այն մարդկանց անունները, որոնցից նորընտիր նախագահը հրապարակավ խոստացել է վրեժ լուծել։ Ներկայացնեմ ընդամենը մի քանիսին՝ գործող նախագահ Ջո Բայդենը, նրա որդի Հանթերը և Բայդենների ընտանիքի այլ անդամներ, Քամալա Հարիսը, նախկին նախագահ Բարաք Օբաման, Հիլարի Քլինթոնը, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, ինչպես նաև որոշ լրագրողներ։ Դե, լրատվամիջոցների հետ Թրամփի բարդ հարաբերությունները վաղուց են հայտնի։
Վերլուծաբանները, սակայն, նշում են, որ դեմոկրատներն իրենց քաղաքականությամբ իրականում մեծապես նպաստել են Թրամփի հաղթանակին։ Նրանք շարունակ խոսել են իրենց աննախադեպ հաջողությունների մասին, այնինչ ամերիկյան հայտնի հեռուստաալիքներից մեկը վկայում է՝ ընտրողների ընդամենը մեկ քառորդն է պնդում, թե հիմա ավելի լավ է ապրում, քան 4 տարի առաջ, մոտ կեսը փաստում է, որ Բայդենի օրոք իրենց կյանքը վատթարացել է։ Համաձայնե՛ք` շատ ծանոթ պատկեր է՝ իշխանավորներից շարունակ լսում ենք տնտեսական հսկայական հաջողությունների մասին, այնինչ հասարակ մարդը տարակուսում է՝ բա, էդ դեպքում վիճակս ինչո՞ւ չի թեթևանում։ Հենց այս տրամադրություններն էլ հմտորեն օգտագործել է Թրամփը՝ հիշեցնելով, որ, ինչպես նշում է հրապարակախոս Քայլի Գրիսվոլդը, Թրամփի նախորդ նախագահության չորս տարիները համեմատաբար խաղաղ ու բարեբեր էին՝ ոչ մի նոր պատերազմ, ավելի անվտանգ սահման, ծաղկող տնտեսություն, մատչելի բնակարաններ և բարգավաճող ընտանիքներ։
Իհարկե, Ամերիկայում բոլորը չէ, որ կհամաձայնեն այս գնահատականներին։ Օրինակ` մեկնաբաններից մեկը գրում է. «Ամենից շատ Թրամփի հաղթանակին նպաստել է… Ջո Բայդենը։ Եթե այդ մարդը ընտրարշավից հրաժարվեր գոնե մի կես տարի առաջ, դեմոկրատները հաստատ շատ ավելի լավ թեկնածու կգտնեին, քան Քամալա Հարիսը, որը տնտեսությունից գրեթե բան չի հասկանում»։ Այլ մեկնաբաններ ավելացնում են՝ ախր, դեմոկրատների հաշվարկները չափից ավելի պարզունակ էին։ Նրանք կարծում էին, որ եթե Քամալա Հարիսը հնարավորություն ունի դառնալու ԱՄՆ-ի առաջին կին նախագահը, ուրեմն նրան անպայման կսատարեն գրեթե բոլոր կանայք։ Եթե Քամալա Հարիսը սպիտակամորթ չէ, ուրեմն նրան կաջակցի սևամորթների, ասիացիների և իսպանախոսների գերակշիռ մասը։ Այնինչ փորձառու Թրամփին հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողվեց իր կողմը ձգել թե՛ կանանց, թե՛ սևամորթների, թե՛ լատինաամերիկացիների մի զգալի մասին։
Շատերը կարծիք են հայտնում՝ Դոնալդ Թրամփին ընդհանրապես կարելի է ֆենոմեն համարել. առաջին հայացքից թվում էր, թե ամեն ինչ իր դեմ է. նրան դեռ առաջին պաշտոնավարման ժամանակ փորձել են երկու անգամ պաշտոնազրկել, հետո բազմաթիվ քրեական մեղադրանքներ են ներկայացրել՝ Կոնգրեսի գրոհը կազմակերպելուց մինչև սեռական ոտնձգություններ։ Միայն նյույորքյան դատարանը նրան 34-կետանոց մեղադրանք էր ներկայացրել։ Ասում էին՝ էթիկայի կանոններն էլ չի պահպանում, երբ հրաժարվեց մասնակցել Բայդենի երդմնակալությանը։ Նույնիսկ յուրայիններն են նրան քննադատել. հիշենք, թե ինչպես էր Թրամփի վրա հարձակվում Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ ՄքՔոնելը։ Էլ չեմ ասում հենց ընտրարշավի ժամանակ տեղի ունեցած արտառոց դեպքի մասին, երբ նախկին փոխնախագահ, հանրապետական Դիք Չեյնին հրապարակավ հայտարարեց, որ քվեարկելու է դեմոկրատ Քամալա Հարիսի օգտին։ Այսինքն` թվում էր, թե Դոնալդ Թրամփն ընդհանրապես չի կարող ընտրվել։ Իսկ նա հաղթեց։ Երևի մարդիկ պարզապես հավատացին նրա կարգախոսին՝ «Կրկին հզոր դարձնենք Ամերիկան»։ Միգուցե մերոնք էլ փորձե՞ն։