ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նրանք ծաղիկներ են խոնարհել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
44-օրյա պատերազմի ժամանակ՝ նոյեմբերի 7-ին, զոհվել են ոստիկանության զորքերի 39 ծառայողներ։
Հիշեցնենք` Արցախյան պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 4-ին, Շուշիի մշակույթի կենտրոնում էլ հրետակոծության զոհ է դարձել ավելի քան 20 ոստիկան։
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` Արցախում մարտական գործողություններին հերթափոխով մասնակցել է ոստիկանության 6200 աշխատակից, 200-ը վիրավորվել են, 65-ը՝ զոհվել։ Զոհվածներից 38-ը ոստիկանության զորքերի ծառայողներ էին, 27-ը՝ կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ծառայողներ։