ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրի ոլորտում շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
ՊԵԿ–ն օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում գործող սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող խանութների ցանցը ապրանքներ վաճառելիս չի տրամադրում ՀԴՄ կտրոններ, դուրս չի գրում համապատասխան հարկային հաշիվներ` խուսափելով խոշոր չափերի հարկեր վճարելուց։
Ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են։
Պարզվել է, որ խանութների ցանցը 2023-2024 թվականների ընթացքում գնորդներից գանձված գումարները չի մուտքագրել հսկիչ-դրամարկղային մեքենա և թաքցրել է շուրջ 603 մլն դրամի իրացման շրջանառություն։
«Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի, պետությանը պատճառվել է շուրջ 165 մլն դրամի վնաս»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ: Առգրավվել են վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ։