Վիրավորանքներ, սպառնալիքներ են եղել. ՀՀ ԱԳ փոխնախարարը` Բալայանի հետ կապված միջադեպի մասին

ՀՀ ԱԳ փոխնախարարի խոսքով` միջադեպի փաստով հետաքննություն է ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատում է, որ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից։ Այս մասին Հովհաննիսյանն ԱԺ-ում ասաց լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ politico.eu կայքը գրել էր, որ Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին, քանի որ Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել ԵՄ–ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին։
«Այո՛, ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել, որի մասին հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին։ Այդ հարցով, իմ կարծիքով, հետաքննություն է ընթանում»,- ասաց Հովհաննիսյանը։
Հարցին, թե արդյոք համապատասխան արձագանք կա բելգիական կողմից կամ ԵՄ–ից, Հովհաննիսյանը նշեց` ոչ, դեռ չկա։
Հիշեցնենք` Politico պարբերականը գրել էր, որ Տիգրան Բալայանը «բանավոր հարձակման և ահաբեկման» է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վաքըֆ Սադիկովի կողմից, որը «բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել նրա կյանքի դեմ»։
Նշվում էր, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Թանգլա հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը երկրի ազգային տոնի առթիվ:
Մենք շուտով բարի լուրեր կլսենք. Էրդողանը՝ Երևան–Բաքու խաղաղության գործընթացի մասին
Ավելի վաղ ԵՄ–ն Սադիգովին քննադատել էր սոցցանցերում հրապարակումների համար, որտեղ նա կարծես սպառնացել էր Հայաստան այցելած Եվրախորհրդարանի պատվիրակությանը: Եվրոպացի քաղաքական գործիչների լուսանկարի տակ նա հիշատակել էր, որ 3000 մետր հեռահարությամբ ադրբեջանական դիպուկահարներ կան ու խորհուրդ էր տվել նրանց հեռու մնալ ադրբեջանական սահմանից: