Ռուսաստանի ԱԻՆ–ը Բեյրութի օդանավակայան է հասցրել 19 տոննա մարդասիրական օգնություն

Մարդասիրական գործողությունն իրականացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարականով։
Sputnik
ՌԴ ԱԻՆ Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը Բեյրութի միջազգային օդանավակայան է հասցրել 19 տոննա մարդասիրական օգնություն։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ հատուկ ինքնաթիռը Բեյրութ է հասցրել ավելի քան 19 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական բեռ, որը ներառում էր առաջին անհրաժեշտության ապրանքներ և դեղամիջոցներ։
Նույն ինքնաթիռով Լիբանանից, ՌԴ ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելով, տեղափոխվել է 97 ռուսաստանցի, որոնք տուժել էին հանրապետության տարածքում Իսրայելի հարվածներից։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա զինյալներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ պայթեց Հայֆայի բնակելի թաղամասերում։