ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը Լիբանանում բնակվող հայերին օգնություն ցուցաբերելու նպատակով 100 000 դոլար է փոխանցել: Տեղեկությունը հայտնել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը։
«Գագիկ Ծառուկյանն իր խոր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում չդադարող ռազմական գործողությունների հետևանքով լիբանանահայությանը սպառնացող գոյաբանական վտանգի և հումանիտար աղետի առնչությամբ։ Իր զորակցությունը հայտնելով Արամ Առաջինին և Լիբանանի հայ համայնքին՝ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել հրատապ աջակցություն կազմակերպել մեր հայրենակիցների համար։ Այսօր արդեն Գագիկ Ծառուկյանը Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ հրատապ օգնությունը ցուցաբերելու նպատակով 100 000 դոլար է փոխանցել»,- գրել է Տոնոյանը ֆեյսբուքյան էջում։
Գործարարն ու Արամ Առաջին կաթողիկոսը նաև պայմանավորվել են մշտական կապ պահպանել և ըստ իրավիճակի զարգացման կոնկրետ աջակցության ծրագրեր քննարկել։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Իսրայելը նշում է, որ ռազմական արշավի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել հյուսիսի 60 հազար բնակիչների վերադարձի համար, որոնք մեկ տարի առաջ տարհանվել են «Հզբոլլահի» կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն աջակցելու համար սկսված գնդակոծությունների պատճառով:
Իրավիճակը կրկին սրվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ մահացան, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվեցին: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածեց Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա զինյալներն ի պատասխան հարձակվեցին Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ պայթեց Հայֆայի բնակելի թաղամասերում։