ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 16:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41 կմ-ին բախվել են «Opel Zafira» և «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը: Կայքը հայտնում է, որ «Օպելը», բառի բուն իմաստով, մխրճվել է բեռնատարի մեջ։
Վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Նրանցից մի քանիսը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, մյուսները՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելի ուշ ՆԳՆ փրկարար ծառայությունը հավելյալ տեղեկատվություն հրապարակեց տեղի ունեցած ավտովթարի մասին։ Մասնավորապես, վթարից տուժածները 6-ն են։ Հիվանդանոց են տեղափոխվել է «Opel»-ի 65-ամյա վարորդն ու 5 ուղևորներ՝ 54-ամյա Ա. Ք.-ն, 23-ամյա Ա. Վ.-ն և Մ. Չ.-ն, 61-ամյա Ռ. Թ.-ն և 42-ամյա Գ. Ն.-ն։