ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Շուրջ 1 մլրդ դրամ 167 մլն դրամով 2025 թ–ին ավելացել են անտառպահպանման համար նախատեսված հատկացումները։ Այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նա նշեց, որ հաջորդ տարի նախատեսում են 170 հա անտառ տնկել, մինչդեռ այս տարվա ծրագրով տնկվել է 130 հա։
«Մեր հողերն ունեն 60 տոկոս կպչողականություն, որը բնակլիմայական պայմաններից ելնելով` մի փոքր ավելի կամ պակաս կարող է լինել։ Հետագայում` ևս 2–3 տարի, խնամում ենք ծառերը, իսկ չորացած ծառերի փոխարեն նորերն ենք տնկում»,– ասաց Սիմիդյանը։
Նա վստահեցրեց, որ միջազգային նոր, տարբեր մեթոդներ են հիմա ուսումնասիրում` անտառտնկման գործընթացն ավելի լավ կազմակերպելու համար։
«Այդ նպատակով նաև անտառպահպանման գործընթացն ակտիվացնելու համար թվային հարթակներ ենք փորձում ստեղծել»,– ասաց Սիմիդյանը։
Նախարարի խոսքով` անտառպահպանման համար փորձում են հայթայթել նաև ֆինանսական այլ միջոցներ, այդ թվում` տարբեր ՀԿ–ների հետ համագործակցելով, որպեսզի միայն պետական բյուջեի վրա չծանրանան ծախսերը։