ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն, որին աջակցում է Գործողություն և համերաշխություն արևմտամետ կուսակցությունը, ձայների 55,22 տոկոսով առաջատարն է հանրապետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում։ Նախկին գլխավոր դատախազ, ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն ստացել է ձայների 44,78 տոկոսը։ Այս մասին հայտնում է Մոլդովայի ԿԸՀ-ն՝ տեղամասերից ստացված արձանագրությունների 99,46 տոկոսը մշակելուց հետո։
Գործող նախագահն այդքան ձայն է հավաքել արտերկրում անցկացված քվեարկության շնորհիվ. բուն Մոլդովայում բնակիչների մեծ մասը Ստոյանոգլոյին են ընտրել:
Նշենք, որ Ռուսաստանում ընդամենը մեկ տեղամաս է բացվել, ինչի պատճառով հսկայական հերթեր են գոյացել։ Շատ ընտրողներ ստիպված են եղել մեկնել Մինսկ և Բաքու՝ հույս ունենալով, որ այնտեղ քվեարկության պայմաններն ավելի լավ կլինեն։ Ընտրողները կարծում են, որ իշխանությունները պարզապես անտեսում են իրենց։
Մոլդովայում կիրակի կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Քվեարկության երկրորդ փուլում իրար դեմ մրցում էին երկրի արևմտամետ նախագահ Մայա Սանդուն և Սանդուի ռեժիմի կողմից հեռացված նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը ծագումով Գագաուզիայից է, ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության թեկնածուն:
Սանդուն որդեգրել է եվրաինտեգրման, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների և ապատեղեկատվության դեմ պայքարի պատրվակով ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողության խստացման քաղաքականություն: Ստոյանոգլոն Ռուսաստանի հետ պրագմատիկ հարաբերությունների պահպանման կողմնակից է, թեև աջակցում է Եվրոպայի հետ ինտեգրմանը։