Շատ մեծ հզորության կայաններ մեզ պետք չեն. Սանոսյանը` ՀԱԷԿ–ի նոր էներգաբլոկի մասին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով` կառավարության հիմնական մոտեցումն այն է, որ ԱԷԿ–ի նոր էներգաբլոկը կարող է լինել գործողից ավելի մեծ հզորության, սակայն 600 ՄՎտ–ից ոչ ավելի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայկական ատոմակայանի հետ կապված տարբեր աշխատանքներ են իրականացվել, թե ՀՀ–ն առաջիկա տարիներին` ընդհուպ մինչ 2060 թ., էներգետիկ ինչպիսի պահանջարկ կարող է ունենալ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Հաշվարկվել է 21 սցենար, թե մեր տնտեսությունն ինչպես կզարգանա, ինչ ուղղությամբ կարող է գնալ, էներգիայի սպառումն ինչքան կավելանա կամ որ սցենարի դեպքում կնվազի, էլեկտրամոբիլներն ինչ ազդեցություն կունենան և այլն։ Այս վերլուծությունները ցույց են տվել, որ շատ մեծ հզորության կայաններ մեզ պետք չեն` հաշվի առնելով նաև առկա կայանները, արևային էներգետիկայի զարգացումը և այլն»,– հայտարարեց Սանոսյանը։
Նրա խոսքով` ՀՀ կառավարության հիմնական մոտեցումն այն է, որ ԱԷԿ նոր էներգաբլոկը կարող է լինել գործողից ավելի մեծ հզորության, սակայն 600 ՄՎտ–ից ոչ ավելի։
Հիմա ՀՀ կառավարությունը փորձում է ուսումնասիրել, թե աշխարհում ինչ տեխնոլոգիաներ կան։ Սանոսյանը նշեց, որ հիմա գտնվում են բավականին անցումային փուլում. աշխարհում մի շարք ատոմակայան կառուցող երկրներ գտնվում են նոր` մոդուլյար ատոմակայաններ նախագծելու փուլում, շատերը դեռ կառուցված չեն։
Ատոմակայանի հարցում Հայաստանը կանգնած է Լիտվայի դառը փորձը կրկնելու վտանգի առաջ. Դավթյան
Նախարարը հիշեցրեց, որ հիմա կառավարությունը ստեղծել է նոր ատոմակայանի համակարգման ՓԲԸ, որը պետք է մասնագիտական աշխատանք իրականացնի ու կառավարությանն ուղղորդի, թե որ նախագիծն ինչ դրական կամ բացասական կողմեր ունի, ներկայացնի ֆինանսական մոդելը, սակագնի ձևավորումը։
Ինչ վերաբերում է ԱԷԿ–ի գործող էներգաբլոկին, ապա Սանոսյանն ասաց, որ 2018–19 թթ–ին արդեն իսկ իրականացվել են աշխատանքներ և այժմ էլ մոտ 150 մլն դոլարի նոր աշխատանքներ են իրականացվում գործող ատոմակայանի վերազինման ուղղությամբ։ Նա վստահեցրեց, որ այդ աշխատանքների հանրագումարով ՀՀ կառավարությունը 2026 թ–ին կդիմի ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարաձգվի մինչև 2036 թվականը։
Նոր ատոմակայանի կառուցման համար ՀՀ-ն առաջարկներ է սպասում մի շարք երկրներից․ Մարտիրոսյան
Հիշեցնենք, որ Մեծամորի ԱԷԿ–ի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ այն երկարացվել է մինչև 2026 թվականը: Վերազինման աշխատանքները իրականացվում են «Ռոսատոմ» ընկերության մասնակցությամբ։