Նոյեմբերի 1-ին մետրոյի կուտակումները միասնական տոմսային համակարգի հետ կապ չունեին. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Արխիվային լուսանկար
Երևանի քաղաքապետը մետրոյում կուտակումների առումով մեկ խնդիր է տեսնում` նոր շարժակազմերի կարիք կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 1-ին տարածված տեսանյութը, որտեղ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում մարդկանց մեծ հոսք և կուտակումներ էին նկատվում, ամենևին կապ չուներ միասնական տոմսային համակարգի ներդրման հետ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ նոյեմբերի 1-ից Երևանի բոլոր ավտոբուսներում և մետրոյում ուղևորներն արդեն պարտադիր պետք է վճարեն կամ էլեկտրոնային վալիդատորների միջոցով (QR կոդերով) կամ 100 դրամ գցեն հատուկ սարքի մեջ։
«Հենց նոյեմբերի 1-ին տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էին մեծածավալ կուտակումներ մետրոյի վագոնի մուտքի մոտ, որը բացարձակապես կապ չուներ միասնական տոմսային համակարգի հետ։ Բայց դա մեկ այլ խնդրի մասին է վկայում. մենք նոր շարժակազմերի կարիք ունենք։ Այն ինչ ունենք, դեռ բավարար չէ, պետք է այս աշխատանքներն ինտենսիվ կերպով շարունակենք` պիկ ժամերին կուտակումներ չունենալու համար»,– նշեց Ավինյանը։
Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը շեշտեց` այսօրվանից մետրոպոլիտենում ևս 1 շարժակազմ է գիծ դուրս եկել։ Նրա խոսքով` 2022 թվականից մինչ օրս մետրոպոլիտենի աշխատակազմի ուժերով 12 շարժակազմ վերանորոգվել է։
«Երկու շաբաթում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 535 033 ուղևոր, գիծ է դուրս բերվել 2962 գնացք, որից 501–ը` 3-վագոնանի, իսկ 1431–ը` 2-վագոնանի, իսկ 1028-ը` միավագոն»,– նշեց Սեդրակյանը։
Նա նաև նշեց, որ «Գործարանային» կայարանում շարժասանդուղքների ապամոնտաժման և տեղադրման աշխատանքները սկսվել են։ Նույն աշխատանքներն արդեն տարվում են նաև «Սասունցի Դավիթ» կայարանում։