ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. «Նոա» ֆուտբոլային ակումբը կոչ է անում հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ և քաղաքակիրթ ձևով բանակցել ու հասնել փոխըմբռնելի լուծումների։ Տեղեկությունը հայտնում է «Նոա» ՖԱ–ն։
«Պատրաստ ենք աջակցել այս գործընթացին` համախմբելով բոլոր ուժերին մեկ ընդհանուր նպատակի շուրջ, այն է՝ զարգացնել հայկական ֆուտբոլը և տոն պարգևել մեր սիրելի երկրպագուներին։ Ակումբն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ՀՖՖ-ին առնչվող խնդիրների շուրջ՝ հանուն արդար խաղի կանոնների»,– ասված է հաղորդագրությունում։
Ֆուտբոլային ակումբը նշել է, որ Հայաստանում կան պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ռազմավարության բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվում ՀՖՖ-ի հետ։ Հայկական ֆուտբոլի առջև ծառացած խնդիրների քննարկման և լուծման գործում «Նոան» կարևորել է նաև ֆուտբոլասերների և երկրպագուների մասնակցությունը։ «Նոա» ՖԱ-ն հանուն հայկական ֆուտբոլի զարգացման և հեռանկարային ծրագրերի, պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Ֆուտբոլային ակումբը նաև հայտնել է, որ իրենք չեն մասնակցել ՀՖՖ ընտրություններին։
Հիշեցնենք, որ «Ուրարտու», «Փյունիկ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները պահանջել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Արդեն տևական ժամանակ է նաև «ՖԱՖ» և «Red eagles» ֆան–շարժումներն էլ ակցիաներ են իրականացնում ֆուտբոլային տարբեր խաղերի ժամանակ` նույնպես պահանջելով Մելիքբեկյանի հրաժարականը։
Ֆուտբոլային 4 ակումբ էլ` «Արարատ», «Ալաշկերտ», «Սյունիք» և «Վեստ Արմենիա», իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ՀՖՖ նախագահին։ Նրանք բոլորը 2023 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններում իրենք սատարել են ՀՖՖ գործող նախագահին և քվեարկել նրա օգտին։