ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Իրանի 23-ամյա և Հայաստանի 62-ամյա տղամարդիկ են կալանավորվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու իրացման համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ պարզվել է, որ Վայոց Ձորի մարզի 62-ամյա բնակիչը հոկտեմբերի 29-ին իր վարած «HONDA ACCORD» մակնիշի ավտոմեքենայով հայ-իրանական սահմանի մոտից վերցրել է ԻԻՀ–ի կողմից փշալարային ցանցի վրայով ՀՀ տարածք նետված 4 փաթեթ մարիխուանա և 10.55 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։
Նույն օրը նշված բնակիչը ձերբակալվել է, իսկ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներով փաթեթները տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են:
«62-ամյա տղամարդու ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 4 փաթեթ՝ 1,130կգ, 1,120կգ, 1,065կգ և 0,505կգ ընդհանուր քաշերով: Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է, որն իրեն է փոխանցել ԻԻՀ–ի մի քաղաքացի, և նշված փաթեթներն ինքը պետք է տեղափոխեր նրա նախընտրած վայր»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային վարչության և ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված ևս մեկ անձի ինքնությունը, որը ԻԻՀ–ի 23-ամյա քաղաքացի է: Նա նույնպես ձերբակալվել է, ինչի հետևանքով, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել:
Նախաքննության ընթացքում նշանակվել է դատանյութագիտական և դատաքիմիական փորձաքննություն՝ փաթեթներում առկա զանգվածների բնույթը, հստակ քաշը պարզելու նպատակով: