Այս տարի Հայաստանը Իրանից առաջին անգամ ավելի շատ է գազ ներմուծելու. Սանոսյան

Գնել Սանոսյան
Հայաստանի և Իրանի միջև «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականին, որը 2023 թվականին երկարաձգվեց մինչև 2030 թվականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Այս տարի առաջին անգամ Հայաստանը Իրանից ավելի շատ է գազ ներմուծելու։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Այս տարիներին Իրանից ներմուծվող գազի ծավալը միջինացված եղել է օրական 1 մլն խմ գազ, իսկ տարեկան կազմել է 360–370 մլն խմ։ Այս տարի մենք արդեն իսկ անցել ենք 370 մլն խմ–ի ներմուծումը, որին համարժեք ՀՀ–ն էլեկտրաէներգիա է արտահանել»,– նշեց նախարարը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Իրանի միջև «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականին, որը 2023 թվականին երկարաձգվեց մինչև 2030 թվականը։
Սանոսյանը նշեց, որ բավական երկար ժամանակ հայկական կողմը իրանի գործընկերների հետ բանակցել է պայմանագիրը երկարաձգելու շուրջ։
«Կարծում եմ` լավ պայմանագիր է, բոլոր կողմերի համար շատ շահավետ։ Նորմալ աշխատանքային կարգով շարունակում ենք մեր գործողությունները»,– ասաց Սանոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին դեռ հուլիսին էր ասել, որ իրանական գազի արտահանումը Հայաստան մոտ ժամանակներս կկրկնապատկվի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ չէր բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրել։
Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանից ներկրում է տարեկան շուրջ 2,3 մլրդ խմ գազ (2023-ին՝ 2 մլրդ 360,4 մլն), ինչպես նաև Իրանից՝ 300-400 մլն (2023-ին՝ 370,4 մլն)։ Ռուսական գազն օգտագործվում է ընդհանուր սպառման, իրանականը՝ ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար։
Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում 1000 խմ-ի դիմաց 165 դոլարով (միջազգային շուկայական գներից շատ ցածր), և այս սակագինը կպահպանվի մինչև 2030 թվականը։ Իրանից գազ է ձեռք բերվում փոխանակման սկզբունքով (1 խմ գազ 3 ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց, որն արտադրվում է Երևանի ՋԷԿ–ում-ում և այլ ջերմաէլեկտրակայաններում)։ Հայաստանի սպառողները գազը ստանում են հետևյալ սակագներով՝ սոցիալապես անապահով տնային տնտեսությունները՝ 100 հազար դրամով (257 դոլար), այլ տնային տնտեսությունները` 143,7 հազար դրամով (370 դոլար), ագրոարդյունաբերական սուբյեկտները՝ 233,9 դոլարով, ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ սպառում ունեցող այլ ձեռնարկությունները՝ 265,81 դոլարով։
Իրատեսակա՞ն է Ադրբեջանից գազ ստանալը․ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարի և փորձագետի կարծիքները