2025 թ-ին ՀՀ ճանապարհաշինության մոտ 30 %–ը բաժին կհասնի «Հյուսիս–հարավին»․ Սանոսյան

ՏԿԵ նախարարը նշեց, որ ի թիվս այլ նախագծերի` 2025 թվականին կուսումնասիրվեն Դեբեդ գետի մոտ՝ ջրհեղեղի գոտում գտնվող ճանապարհի ռիսկերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. 2025 թ–ի ՀՀ պետական բյուջեում ճանապարհաշինության ընդհանուր ծախսերը նախատեսված են 84,2 մլրդ դրամի չափով, որից 26,4 մլրդ դրամը կհատկացվի «Հյուսիս–հարավ» մայրուղու շինարարության համար։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
ՌԴ-ի հետ կապի համար ավելի ձեռնտու է ճանապարհը ՀՀ–ով, ոչ թե Ադրբեջանով. իրանցի փորձագետ
Նշված 26,4 մլրդ դրամը կծախսվի Աշտարակ և Թալին քաղաքների միջև երկու հատվածների շինարարության ավարտի համար։ Նրա խոսքով` հաջորդ տարի նախատեսվում է նաև ամբողջությամբ ավարտել Լանջիկ գյուղի և Գյումրիի միջև ընկած ճանապարհահատվածի շինարարությունը:
«Այսպիսով, 2025 թվականին «Հյուսիս–հարավ» մայրուղու Երևանի և Գյումրիի միջև ընկած հատվածն ամբողջությամբ կավարտվի»,– նշեց Սանոսյանը։
Նա տեղեկացրեց, որ մայրուղու ամենահարավային հատվածում՝ Իրանի սահմանից մինչև Քաջարան, կսկսվի նոր թունելի և կամրջի շինարարությունը։
Նախատեսվում է նաև մրցույթ հայտարարել Քաջարան քաղաքից հյուսիս ավելի մեծ թունելի կառուցման համար: Բացի այդ, ՀՀ կառավարությունը նախատեսում է հող գնել Քաջարանի և Գյումրիի շուրջ շրջանցիկ ճանապարհներ կառուցելու համար։
Մեղրու տրանսպորտային հանգույցը կունենա էստակադաներ. Սանոսյանը Սոբհանիի հետ Սյունիքում է
Սանոսյանի խոսքով` այլ նախագծերի թվում է Մ–6 (Վանաձոր–Ալավերդի–Բագրատաշեն) մայրուղու վիճակի ուսումնասիրությունը Դեբեդ գետի հարակից հատվածում:
Հիշեցնենք, որ «Հյուսիս–հարավն» ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այն պետք է կրճատի իրանավրացական սահմանի հեռավորությունը 550 կմ–ից մինչև 460 կմ և հեշտացնի մուտքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների համար։