100 դրամ եկամուտ հավաքելու համար ՊԵԿ-ը ծախսում է 1,18 դրամ․ Բադասյան

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
ՊԵԿ նախագահի խոսքով՝ ստվերային տնտեսությունը վերջին տարիներին կրճատվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ 100 դրամ եկամուտ հավաքելու համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ծախսում է 1,18 դրամ, ակնկալվում է այս ցուցանիշն առաջիկայում 1-ից ներքև իջեցնել։ Այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ․ պետբյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
ՀՀ ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի գնահատականներով՝ վերջին 3 տարիների ընթացքում ստվերային տնտեսությունը նվազել է։
«Մեր գնահատականներով՝ 2022թ․ հիմնական հարկատեսակների գծով` դրանք են ավելացված արժեքի հարկը, շահութահարկը, եկամտահարկը, ճեղքը կազմել է ՀՆԱ-ի 3,6 տոկոսը, ինչը նախորդ տարվա նկատմամբ բարելավվել է 0,5 տոկոսային կետով»,- նշեց Բադասյանը։
Նրա խոսքով՝ 2023թ․ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության 24,1 տոկոսը նախորդ տարի բարելավվել է 1 տոկոսային կետով, և սա տեղի է ունեցել տնտեսական գործոնների և վարչարարության բարելավման արդյունքում։ Նշում է՝ այստեղ դրույքաչափերի բարձրացում չի եղել։
Եթե 2020թ․ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 22,6 տոկոս էր, 2025-ին կանխատեսվում է 25 տոկոս։ Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ հնարավոր կլինի հասնել կառավարության սահմանած թիրախին։ Ըստ Բադասյանի՝ 2018-ից սկսած՝ ամեն տարի 0,6 տոկոսով այս ցուցանիշի բարելավում է գրանցվել։
2024-ի 9 ամիսներին ինֆլյուենսերների կողմից իրացման շրջանառությունն աճել է 28%-ով. ՊԵԿ