ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին Վալենսիայում դիմավորել են, բառի բուն իմաստով, ցեխով։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, դժգոհ բնակիչները բղավել են ու ցեխ շպրտել թագավորի ուղղությամբ։
Ֆիլիպ 6-րդը ժամանել էր հորդառատ անձրևներից և ջրհեղեղներից ամենատուժած շրջան՝ Վալենսիա, իրավիճակն իր աչքերով տեսնելու։
Մարդիկ Իսպանիայի կենտրոնական և տարածաշրջանային իշխանություններին մեղադրում են նման մասշտաբի աղետը կանխելու և դրա հետևանքները հաղթահարելու անկարողության մեջ:
Վերջին տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 210-ը, շատերը նախկինի պես անհետ կորած են համարվում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 29-30-ին տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղի են վերաճել Վալենսիա, Կաստիլիա Լա Մանչա և Անդալուսիա ինքնավար համայնքներում:
Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ էր հայտարարել։
Տարերքը նաև լուրջ վնաս է հասցրել ճանապարհային ենթակառուցվածքներին։ Վալենսիայում արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի աշխատանքներին միացել են ավելի քան հազար զինվորականներ։
ՀՀ ԱԳՆ–ի տվյալներով՝ ջրհեղեղից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան։